• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Փաստեր Հայաստանում կանանց մասին

Կանանց թիվը: 1,662,000/3,109,000

Կանանց կյանքի տևողությունը (ծնվելու պահին): 77 տարի

Կանանց կրթությամբ զբաղվելու տարիների քանակը: 13 տարի

Կանանց տառաճանաչությունը: 99%¹

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կողմից 2011 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ բռնության է ենթարկվել:

Ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունը, ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն չդիտարկելն ու ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց համար համապատասխան ծառայությունների բացակայությունը Հայաստանում առկա խնդիրներից են: Ընտանեկան բռնությունը չի առանձնացվում քրեական օրենսգրքում, ինչը թույլ չի տալիս բռնարարներին պատասխանատվության ենթարկել: Քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթները կոնկրետ չեն ու դժվար է դրանք կիրառել ընտանեկան բռնության դեպքերում:

Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (CEDAW) ստորագրվել է Հայաստանի կողմից: 2009 թվականին CEDAW-ն պահանջեց Հայաստանից “համալիր միջոցառումներ ձեռնարկել” կանանց հանդեպ բռնությունը վերացնելու նպատակով: Այս միջոցները ներառում են նաև քաղաքացիական հասարակության ուժեղացումն ու ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը: Հայաստանը դեռ չի ձեռնարկել CEDAW-ի կոմիտեի կողմից հնչեցված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր: Բացի այդ Հայաստանը չի ստորագրել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»:

2011 թվականին Հայաստանի կառավարությունը մշակեց ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիր, որն ուղղված է Հայաստանում կանանց իրավունքների զարգացմանը: Այս ծրագրով ստեղծվեց նաև ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրուրդ: Սակայն 2013 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը մերժեց ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որի շուրջ աշխատանքներ էին տարվում 2007 թվականից սկսած: Ուստի ռազմավարական ծրագրում ներառված դրույթները դեռ լիովին չեն կիրառվում:

Հայաստանի օրենսդրությունը դեռ չունի լծակներ, որոնք թույլ կտային պատժել բռնարարին ու ապահովել զոհի անվտանգությունը: Սակայն պետք է հիշել, որ ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների ոտնահարման դրսևորում է, մասնավորապես հավասարության իրավունքի ու կյանքի իրավունքի խախտում է:

Հիմնարար կարևորություն ունի ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց դիմումներին: Ոստիկանությունը վճռորոշ դեր է խաղում բռնարարին պատժի ենթարկելու մեջ: Ոստիկանությունը պարտավոր է պահպանել օրենքն ու հսկել դրանց իրականացումը: Սակայն Հայաստանում ոստիկանությունը չունի բռնարարներին իրենց տնից հեռացնելու իրավասություն, նույնիսկ երբ կնոջն ու երեխաներին ակնհայտորեն վտանգ է սպառնում: ԵԱՀԿ-ի տվյալներով ոստիկանության աշխատակիցները վերապատրաստվել են ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատելու համար, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ զոհերի հետ աշխատանքում դեռ կան բացթողումներ:

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային գենդերային ճեղքվածք 2013» զեկույցում Հայաստանը գենդերային հավասարության ոլորտում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը 136 հնարավորից: 2011-ից 2013 թվականների ընթացքում ստացվել է 8012 թեժ գծի զանգ; 2012-ին գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, իսկ 2013-ին 586 դեպք (քաղաքացիական հասարակության կողմից հավաքագրված ոչ պաշտոնական տվյալների համաձայն տարեկան լինում է բռնության 2000 դեպք): Ընտանեկան բռնության արդյունքում սպանությունների թիվը գնալով աճում է. 2010-2015 թվականների ընթացքում եղել է առնվազն 30 սպանության դեպք:

¹ Վիճակագրության աղբյուրը http://www.stopvaw.org/armenia, հուլիս 2015