• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Պատմություն #1

Մեր ամուսնության սկզբում ամեն ինչ նորմալ էր: Մենք իրար շատ էինք սիրում: Չեմ հիշում ամեն ինչ կոնկրետ երբ սկսվեց: Հետո նա սկսեց առանց պատճառի նյարդայնանալ ու դժգոհել: Ես փորձում էի անել հնարավոր ամեն ինչ գոհացնելու համար, բայց ապարդյուն: Մտածում էի, որ եթե երեխա ունենանք,  կփոխվի, բայց հետո, երբ հղիացա, նա սկսեց ինձ մեղադրել, որ միայն ապագա երեխայի մասին եմ մտածում։

  Սկսեց ինձ խփել, նույնիսկ փորիս էր խփում: Ես մոլորված էի զգում ինձ և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էր ծաղիկներով և ներողություններով: Ես սիրում էին նրան և երբ նա ներողություն էր խնդրում ես հավատում էի նրան: Ես մտածում էի, որ ամեն ինչ կհարթվի դրանից հետո, բայց իրավիճակը է՛լ ավելի վատթարացավ: Տարիներն անցնում էին, և ծեծը ավելի ինտենսիվ ու հաճախակի էր դառնում… Ես չգիտեի՝ ինչու էր նա ինձ խփում, փորձում էի հասկանալ, բայց միշտ մի բան իրեն ստիպում էր պայթել: Երբ ծեծը ծայրահեղ դաժան էր դառնում, և ես չէի կարողանում խոսել, իմ շրթունքները և աչքը ուռած էին, նա աղաչում էր իրեն ներել: Ասում էր, որ կփոխվի և շատ լավ էր վարվում ինձ հետ, ինձ և երեխաներին նվերներ էր բերում և օգնում տանը: Մտածում էի, որ գուցե վախեցել է, որ կարող էր ինձ սպանել կամ որ կգնամ իրենից: Ես խղճում էի նրան, որովհետև այնքան մոլորված տեսք ուներ: Ես նաև չգիտեի՝ ինչ անել: Ես ամաչում էի որևէ մեկին բան ասել: Ես ո՛չ փող ունեի, ո՛չ էլ գնալու տեղ: Մտածում էի, որ երեխաները հոր կարիք ունեն: Նրանք նույնպես վախենում էին. իմ մեծ աղջիկը՝ 5 տարեկան, սկսեց գիշերները տակը անել: Ես զգում էի, որ նա շատ է վախենում հորից: Ամեն անգամ հույս ունեի, որ այս ծեծը վերջինը կդառնա, բայց հետո ամեն ինչ ասես կրկնվում էր նորից ու նորից: Քնքշությունը անհետացել էր: Հիմա նա ստիպում էր ինձ սեռական հարաբերություն ունենալ նույնիսկ այն օրերին, երբ ինձ լավ չեմ զգում, և մի անգամ էլ այն ժամանակ, երբ տաքություն ունեի: Մի օր՝ 9 տարվա ամուսնությունից հետո, նա սպառնում էր ինձ սպանել: Նա վերցրեց խոհանոցի դանակը ու թափահարեց ինձ վրա: Ես մտածեցի, որ մեռնելու եմ: Այդ պահին ես հասկացա, որ պետք է հեռանամ… Նա անկառավարելի էր դառնում, և ես չգիտեի՝ հետո ինչ է լինելու: Հիշում եմ, թե ինչքան էի սիրում նրան: Մինչև հիմա էլ մեկ-մեկ զգում եմ դա՚:

Անահիտ, 33 տարեկան