• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Ստացիր աջակցություն

Ձեր ամուսինը/զուգընկերը Ձեզ ծեծու՞մ է:

Հաճախակի Ձեզ նվաստացնում կամ քննադատու՞մ է:

Զգում եք, որ Ձեր կամ Ձեր երեխաների կյանքը վտանգվա՞ծ է:

Եթե վերը նշված հարցերից մեկին կամ մի քանիսին պատասխանում եք «այո», ապա հնարավոր է, որ դուք գտնվում եք բռնարար հարաբերությունների մեջ: Ձեր խնդիրների մասին խոսելու համար կարող եք զանգահարել մեզ՝ 099 88 78 08 թեժ գծի հեռախոսահամարով:

Բռնարար հարաբերությունների նախանշաններ.

Ահա մի քանի հարց, որ կարող եք ինքներդ Ձեզ տալ: Եթե այս հարցերից նույնիսկ մեկին «այո» պատասխանեք, ապա շատ հնարավոր է, որ Դուք և Ձեր երեխաները վտանգված եք՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես*:

Ստորև նշվածները բնութագրու՞մ են Ձեր ամուսնուն/զուգընկերոջը:

  • Հարվածում, ապտակում, ծեծում, հրում, կտրում կամ վառում է Ձեզ:
  • Մշտապես քննադատում է Ձեզ:
  • Նվաստացնում է Ձեզ ուրիշների առջև:
  • Սպառնում է սպանել Ձեզ կամ Ձեր երեխաներին:
  • Զենք է օգտագործում Ձեր դեմ կամ զենքով սպառնում է:
  • Խեղդում է Ձեզ:
  • Ծայրահեղ խանդոտ է:
  • Կառավարում է Ձեր ամենօրյա գործողությունները կամ դրանց մի մասը (ինչ եք անում, ուր եք գնում, ում հետ եք):
  • Ձեզ հետևում է, հետապնդում է և/կամ սպառնացող հաղորդագրություններ է ուղարկում:
  • Ստիպում է Ձեր կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունենալ իր հետ:
  • Արգելում է շփվել Ձեր ընկերների և ընտանիքի հետ:
  • Իր մոտ զենք ունի (օրինակ՝ ատրճանակ, դանակ և այլն):
  • Նրա ագրեսիան գնալով ավելի է ուժեղանում և հաճախակի դառնում:
  • Ալկոհոլը չարաշահում է:
  • Թմրադեղեր է օգտագործում:
  • Ձեր հղիության ընթացքում ագրեսիվ է/էր:
  • Ինքնասպանության փորձեր է անում, կամ սպառնում է ինքնասպան լինել:
  • Սպառնում է Ձեզ կամ Ձեր երեխաներին վնասել:
  • Կենդանիների հետ դաժանորեն է վարվում:
    *Հիմնված է հանրահայտ բժիշկ Ժակլին Քեմպբելի կատարած հետազոտության և վտանգի գնահատման մեխանիզմի վրաՄեր կոնֆիդենցիալ թեժ գծին զանգահարելով դուք կարող եք.

    • խոսել Ձեզ հուզող հարցերի մասին,
    • Ձեր անվտանգությունն ապահովելու համար խորհրդատվություն ստանալ, իսկ Ձեր կյանքին վտանգ սպառնալու դեպքում ժամանակավոր ապաստարան տեղափոխվելը քննարկել:

    Թեժ գիծ` 099 88 78 08

Եթե ուզում եք դուրս գալ բռնարար հարաբերությունից`

  • Այդ մասին մի՛ ասեք Ձեր ամուսնուն/զուգընկերոջը. դա նրան ավելի դաժան բռնության կարող է դրդել:
  • Նախապես պլանավորեք գնալու ամենաապահով ժամանակը և ճանապարհը:
  • Անպայման Ձեր երեխաներին Ձեզ հետ վերցրե՛ք, որ նրանք վտանգի տակ չմնան:
  • Հեռանալուց Ձեզ հետ ունեցե՛ք ճանապարհածախս տրանսպորտից օգտվելու համար:
  • Պատրաստե՛ք և մի տեղում հավաքեք Ձեր և Ձեր երեխաների բոլոր կարևոր փաստաթղթերը (անձնագիր, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական, բանկային փաստաթղթեր կամ քարտեր և այլն), որ վտանգի կամ անհրաժեշտության դեպքում դրանք արագ վերցնեք և հեռանաք տնից:
  • Պատրաստե՛ք առաջին անհրաժեշտության իրերով լի մի պայուսակ, որը հեռանալուց կվերցնեք Ձեզ հետ (բայց եթե անմիջապես չեք հեռանալու, ապա այդ պայուսակը մի ապահով տեղում պահեք, որ բռնարարը այն չտեսնի: Օրինակ՝ վստահելի բարեկամի կամ ծանոթի տանը թողեք):
    Զանգահարեք թեժ գծին` 099 88 78 08 համարով, և մենք Ձեզ կօգնենք ապահով և անվտանգ պլանավորել Ձեր քայլերը: