• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Բռնության մասին առասպելներ

Միֆ

Ընտանեկան բռնության զոհերը հոգեկան խանգարումներ ունեն:

Փաստ

Վերը նշված միֆը հիմնված է այն գաղափարով, որ եթե կինը հոգեպես առողջ լիներ, ապա չէր հանդուրժի բռնությունը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բռնության զոհերը տարբեր ձևերով փորձում են խուսափել բռնությունից: Բացի այդ, ընտանեկան բռնության զոհերի մեծ մասը հոգեկան խանգարում չունի, սակայն դա չի նշանակում, որ բռնությունը երբեք չի կիրառվում հոգեկան խնդիր ունեցող կանանց նկատմամբ: Որոշ զոհեր կարող են տառապել իրենց հոգեկանի վրա բռնության թողած ազդեցությունից, օրինակ՝ հետտրավմատիկ սթրեսից կամ դեպրեսիայից:

Միֆ

Ընտանեկան բռնության զոհերի ինքնագնահատականը ցածր է:

Փաստ

Հոգեբանական ավանդական տեսությունների համաձայն՝ բավարար ինքնագնահատական ունեցող անձը չի թողնի, որ իր ամուսինը կամ զուգընկերը բռնություն կիրառի իր հանդեպ: Իրականում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության զոհերը բացի կին լինելուց ոչ մի այլ ընդհանուր բնութագիր չունեն: Չկա բավական ապացույց, որ կպաշտպանի այն տեսությունը, թե ցածր ինքնագնահատականն է դրդում կնոջը բռնության մեջ ապրելուն: Սակայն հնարավոր է, որ որոշ զոհեր բռնության արդյունքում ինքնագնահատականի անկում ունենան, քանի որ բռնարարները հաճախ նվաստացնում ու քննադատում են նրանց:

Միֆ

Ընտանեկան բռնության զոհերը երբեք չեն հեռանում իրենց բռնարարներից, իսկ եթե հեռանում են, ապա կրկին հարաբերություն են սկսում այլ բռնարարի հետ:

Փաստ

Ընտանեկան բռնության զոհերից շատերը հեռանում են բռնարարից, հաճախ մի քանի անգամ: Մինչև վերջնականապես հեռանալը զոհը կարող է ունենալ հեռանալու մի քանի անհաջող փորձ, որովհետև բռնարարները դաժան են լինում, ֆինանսական կախվածության մեջ են պահում իրենց զոհերին,կամ էլ սպառնում են երեխաներին, որպեսզի զոհը չհեռանա: Բացի այդ, ընկերներից, ընտանիքի անդամներից կամ համապատասխան մարմիններից (ոստիկանությունից, խորհրդատուներից, հոգևորականներից և այլն) չստանալով որևէ աջակցություն՝ զոհը կարող է որոշել վերադառնալ բռնարարի մոտ: Քանի որ զոհի կյանքին սպառնող վտանգը մեծանում է բռնարարից հեռանալուց հետո, ապա արդյունավետ իրավաբանական աջակցության բացակայության դեպքում զոհի համար բռնարարից առանձին գոյատևելը կարող է է՛լ ավելի դժվար լինել: Ֆինանսապես ապահով լինելու հավանականությունը մեծանում է այն զոհերի մոտ, ովքեր կարողանում են բռնության վաղ շրջանում ստանալ արդյունավետ իրավաբանական պաշտպանություն: Ճիշտ է,  հնարավոր է, որ բռնարարից հեռանալուց հետո զոհը կրկին հարաբերություններ սկսի այլ մարդու հետ, ով նույնպես կսկսի բռնություն կիրառել իր հանդեպ, սակայն սա չի նշանակում, որ բոլոր զոհերի կյանքն է այդպես դասավորվում:

Միֆ

Բռնարարները բռնություն են կիրառում ալկոհոլի կամ թմրանյութի չարաշահման պատճառով:

Փաստ

Ալկոհոլի կամ թմրանյութի չարաշահումը չէ, որ բռնարարներին ստիպում է բռնություն կիրառել, չնայած որ բռնարարները հաճախ են այդպես արդարանում: Ալկոհոլի կամ թմրանյութի չարաշահումը կարող է որոշ դեպքերում սաստկացնել բռնության պոռթկումը կամ էլ ավելի հաճախակի դարձնել բռնության կիրառումը: Այսպիսով, չարաշահումը չէ, որ դրդում է բռնարարներին, ուրեմն միայն չարաշահման դեմ ուղղված թերապիաները արդյունավետ չեն լինի բռնությանը վերջ տալու համար: Նման թերապիաները կարող են օգտակար լինել միայն այնպիսի ծրագրերի հետ միասին, ինչպիսիք են բռնարարի հետ հոգեբանական աշխատանքը:

Միֆ

Բռնարարները բռնություն են կիրառում, որովհետև գործազուրկ են կամ էլ սթրեսի ազդեցության տակ են:

Փաստ

Սթրեսը կամ գործազրկությունը չի ստիպում բռնություն կիրառել: Քանի որ ընտանեկան բռնությունը կարող է պատահել հասարակության բոլոր շերտերում, ապա գործազրկությունը կամ աղքատությունը բռնության պատճառ չեն հանդիսանում: Բացի այդ՝ եթե սթրեսը բռնություն առաջացներ, ապա բռնությունը կկիրառվեր ղեկավարի կամ աշխատակիցների նկատմամբ և ոչ թե զուգընկերոջ նկատմամբ: Ընտանեկան բռնությունը տարածվում է, որովհետև հասարակությունն այն ընդունելի է համարում, և որովհետև բռնարարները, ուժ կիրառելով, հասնում են իրենց ուզածին և լուրջ պատասխանատվություն չեն կրում դրա համար:
Միֆ

Երբ ծնողներից մեկը մյուսի հանդեպ բռնություն է կիրառում, երեխաները չեն տուժում դրանից:

Փաստ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների միջև բռնության պարագայում երեխաների 50-70%-ի նկատմամբ նույնպես բռնություն է կիրառվում: Տանը բռնությանը ականտես լինելու պատճառով երեխաները ունենում են կոգնիտիվ, վարքային ու զարգացման խանգարումներ: Բացի այդ, որոշ երեխաներ (մանավանդ տղաները) մեծանալով կրկնօրինակում են իրենց տեսած բռնարար վարքը:

Միֆ

Ընտանեկան բռնությունը չի խանգարում լավ ծնող լինելուն:

Փաստ

Երեխաները, ապրելով ընտանեկան բռնության միջավայրում, հաճախ տառապում են իրենց հասցված ֆիզիկական ու հոգեկան վնասներից: Այդ պատճառով ընտանեկան բռնությունը խանգարում է լավ ծնող լինելուն: Եթե կա ընտանեկան բռնություն, ապա ամենայն հավանականությամբ բռնարար ծնողը երեխայի հանդեպ նույնպես ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն է կիրառում: