• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Բռնարար հարաբերություններ

Զոհերից շատերը իրենց մեկուսացված և միայնակ են զգում…բայց դա այդպես չէ: Ընտանեկան բռնությունը համատարած խնդիր է և ամենաքիչ բացահայտվող հանցագործություններից է: Չնայած զոհը կարող է մտածել, որ բռնությունը իր մեղքով է կատարվում, դա այդպես չէ: Զոհը շփոթված է լինում այդ իրավիճակից և ենթադրություններ է անում. «նրան փոխելու և ճիշտ ուղու վրա դնելու միակ հույսը ես եմ», «եթե ես նրան թողնեմ, նա կկործանվի», «իմ պարտականությունն է նրան օգնել», «եթե ես համբերատար լինեմ, նա կփոխվի», «իմ կյանքը առանց նրա չեմ պատկերացնում», «այս ամենը ազդում է երեխաների վրա»: Բռնարարի հետ մնալու կամ նրանից հեռանալու որոշումը միայն զոհը կարող է կայացնել: Ամեն մեկի իրավիճակը և հարաբերության հանգամանքները տարբեր և յուրահատուկ են, բայց մեկ բան հարկավոր է հիշել անկախ ամեն ինչից. բռնության միջոցով իր հարցերը լուծող անձնավորությունը փոխվելու ունակ չէ, նույնիսկ եթե աջակցություն ստանա և ժամանակավորապես մեղմացնի բռնությունը: Հաճախ բռնարարը  բռնությունը այնքան ժամանակով է դադարեցնում, մինչև զոհը կհավատա, որ նա փոխվել է և հեռանալու կամ ոստիկանություն դիմելու քայլեր չի ձեռնարկի, իսկ հետո նա կվերսկսի բռնությունը: Երբ զոհը որոշում է ապրել բռնության մեջ և չհեռանալ, նա այդ որոշումն ընդունում է տարբեր պատճառներով: Ստորև ներկայացված բանաստեղծությունը գրված է բռնության զոհ դարձած կնոջ կողմից, նա փորձում է բացատրել կնոջ չհեռանալու պատճառները:

Ինչու՞է նա մնում

Նա չի մնում որովհետև`

Սիրում է ցավը,

Ունի բռնության կարիք,

Անխելք է կամ թույլ:

Նա մնում է որովհետև

Նա լավատես ռոմանտիկ է:

Նա հաստատակամ է:

Նա կարծում է՝ իրական սերը (իր սերը) կարող է բոլոր վերքերը բուժել:

Նա սպասում է:

Նա հավատում է, որ իր աղոթքները շուտով պատասխան կստանան:

Բայց մեկ-մեկ պատասխանը «Ո’Չ» է:

Եթե նա իրեն «լավ» պահի, ապա նա կպարգևատրվի:

Նա համբերատար է:

Եթե ամուսնանում ես, ուրեմն լավ ու վատ ժամանակներում էլ պիտի ամուսնուդ կողքին լինես:

Նա դիմանում է:

Եթե շատ լրջանա իրավիճակը, նա ինչ-որ օգնություն կստանա, որ փոխվի:

Նա վստահում է:

Միգուցե սա վերջին անգամն էր:

Նա ենթագիտակցորեն սպասում է, որ համբերության բաժակը լցվի:

Նա չի ուզում իր երեխաների կյանքը ավելի վատացնի. նրանք արդեն դաժան բաներ են տեսել:

Նա պաշտպանողական է:

Նա այսքան արդեն դիմացել է, սրանից ավելի վատ չի կարող լինել:

Օրը կգա՝ պարզ կլինի:

Նա «լավը» համեմատելու իրական օրինակ չունի:

Նա չի կարող առանց իր երեխաների հեռանալ:

Երեխաների հանդեպ էլ բռնություն կկատարի, եթե իմանա հեռանալու մասին:

Միգուցե բռնությունը կդադարի, եթե կինը փոխվի…

Նա ինքն իր էությունը մոռանում է, երբ փորձում է ամուսնուն հաճոյանալ:

Առանց իր կնոջ չի կարող դիմանալ:

Նա ինքն իր արժեքներով է չափում և հավատում է ամուսնուն:

Եթե ամուսինը գտնի՝ նրան բռնության կենթարկի:

Ուրիշների հետ նույնը պատահել է, նա վախենում է:

Ամուսինը չի գնում, իսկ նա գնալու տեղ չունի:

Նա թաքնվում է:

Նա չի կարող ինքն իրեն և իր երեխաներին ֆինանսապես ապահովել:

Նա կարող է և ճիշտ է: Դատարան դիմելը երկար և դաժան գործընթաց է, բայց նա ինքնախաբեությամբ է զվաղվում, եթե մտածում է, որ բռնության մեջ ապրելը ավելի լավ է:

Նա կկորցնի իր միակ սերը ու կմնա մենակ:

Դա այդպես է. նա մենակ է, քանի դեռ ինքն իր հանդեպ սերը զոհաբերում է ամուսնու հետ լինելու համար:

Նա մնում է այս և այլ անթիվ ու անհամար պատճառների համար,

Դանդաղ մահ է ապրում,

Օր օրի,

Մինչև որ վերածննդի ցավի միջով չանցնի,

Հեռանալով և աջակցութուն խնդրելով,

Միայն այդ ժամանակ նա կիմանա, թե ինչ է սերը:

-Անանուն

Զոհերից շատերը ուզում են այդ դաժան կյանքը թողնել և հեռանալ, շատերը նույնիսկ փորձում են: Բռնարար զուգընկերները սպառնալիքների և վախեցնելու միջոցով նրանց ստիպում են մնալ: Զոհը չի մնում բռնության մեջ, որովհետև դա նրան դուր է գալիս կամ ինքը դրա կարիքը ունի. նա մնում է և չի հեռանում այն հույսով, որ բռնությունը օրերից մի օր կդադարի, որովհետև նա ֆինանսապես կախվածության մեջ է գտնվում բռնարարից, որովհետև նա ուրիշ գնալու տեղ չունի, կամ որովհետև փորձում է ընտանիքը պահպանել: Նա մնում է այն հույսով, որ հնարավոր է բռնարարը փոխվի: Բռնությանը դիմանալու և գոյատևելու համար ուժ և վճռականություն է պետք: Ժամանակի հետ գոյատևելն է՛լ ավելի ու ավելի է դժվարանում: Բարեբախտաբար կան մարդիկ, ովքեր աջակցում են զոհին և իր ընտանիքին:

Աղբյուր` www.JBWs.org