• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Բռնության մասին

Երբ հարաբերություններում մեկ անձը մյուսին կառավարում կամ վերահսկում է, ապա սա ընտանեկան բռնություն է:Ընտանեկան բռնության հիմնական պատճառը մեկ ուրիշին ուժի և վերահսկողության մեջ պահելու ցանկությունն է: Բռնարարները իրենց բարկությունը արտահայտում են ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշումներ կիրառելով. այս կերպով բռնարարները իրավիճակը իրենց վերահսկողության տակ են վերցնում: Նրանց այս վարքի համար պատճառներ պետք չեն, ամեն ինչ կարող է պատրվակ դառնալ բռնություն կիրառելու համար, սակայն իրենց այդ անընդունելի վարքի համար միմիայն իրենք են պատասխանատու:

Բռնարարի վարքը

Մենք հաճախ «բռնարար վարք» ասելով միայն ֆիզիկական բռնությունն ենք հասկանում, իսկ հոգեբանական, տնտեսական, կամ սեռական բռնությունների բացասական ազդեցությունը անտեսում կամ մեղմացնում ենք: Իր զոհին վերահսկողության մեջ պահելու նպատակով բռնարարը կարող է բազում մեթոդներ կիրառել, դրանք կարող են ակնհայտ լինել, իսկ հաճախ կարող են լինել քողարկված և աննկատ: Ստորև նշված են բռնության տեսակները և դրանց կիրառման մեթոդների օրինակները:

Հոգեբանական բռնություն

Անպատվել, ստել, դիմացինի ինքնագնահատականը նվազեցնել, ծայրահեղ խանդել, նվաստացնել, տեղաշարժին հետևել, սպառնալ կամ ահաբեկել:
Մեկուսացնել

Վերահսկել և հետևել ամեն քայլին. կինը ուր է գնում, ում հետ է խոսում, ինչով է զբաղվում օրվա ընթացքում, դրսի հետ շփումը սահմանափակել և դա բացատրել խանդի միջոցով:

Նվազեցնել/ժխտել կատարվածը

Բռնության փաստը անտեսել` ասելով, որ այդպիսի բան չի եղել, բռնարար վարքի պատասխանատվությունը զոհի վրա գցել` զոհին մեղադրելով կատարվածի մեջ:

Երեխաներին օգտագործել

Երեխաների միջոցով զոհի մոտ մեղքի զգացում առաջացնել, երեխաներին օգտագործել իրար հետ հաղորդակցվելու համար, երեխաներին տեսակցության գնալու առիթը օգտագործել որպես զոհին անհանգստացնելու միջոց, սպառնալ երեխային ձեռքից վերցնել:

Տղամարդկային լիազորությունները օգտագործել

Զոհի հետ ծառայի պես վարվել, կարևոր որոշումների ընդունման մեջ զոհին չընդգրկել, ինքնուրույն սահմանել, թե որոնք են կնոջ և տղամարդու դերերը:

Տնտեսական բռնություն

Զոհին խոչընդոտել աշխատանք գտնել կամ այդ աշխատանքը պահել, ստիպել գումար մուրալ, զոհից գումարները խլել, օրական չնչին գումար հատկացնել, ընտանեկան բյուջեն գաղտնի պահել կամ դրանից օգտվելը արգելել:

Սպառնալիքներ

Վիրավորական սպառնալիքներ արտաբերել կամ այդ սպառնալիքները իրականացնել, սպառնալ հեռանալ կամ ինքնասպանություն գործել, ստիպել անօրինական գործողություններ կատարել, ստիպել զոհին ոստիկանությունում տված ցուցմունքը  հետ վերցնել:

Վախեցնել

Գործողություններով կամ ժեստերով վախեցնել, իրեր կոտրել, գույքը փչացնել, ընտանի կենդանիներին վնասել, զենք ունենալ/ցուցադրել:
Ցանկացած տեսակի բռնություն լուրջ խնդիր է, որը գնալով ավելի է սրվում: Ֆիզիկական վերքերը ավելի արագ են բուժվում, քան հոգեբանական վերքերը:

Ովքե՞ր են զոհերը

Ընտանեկան բռնությունը ազդում է բոլորի վրա՝ անկախ անձի սոցիալ-տնտեսական վիճակի, ռասսայական, էթնիկ, սեռական, կամ կրոնական պատկանելիության: Չնայած ընտանեկան բռնության զոհերը հիմնականում կանայք են լինում, ովքեր բռնության են ենթարկվել տղամարդկանց կողմից, կան նաև բռնության դեպքեր, երբ կանայք բռնության են ենթարկում տղամարդկանց, կանայք – կանանց, և տղամարդիկ – տղամարդկանց: Անձը կարող է բռնության զոհ դառնալ, նույնիսկ եթե օրինական կերպով ամուսնացած չի իր զուգընկերոջ/զուգընկերուհու հետ, բաժանված է: Բռնությունը կարող է իրականացվել տան մյուս անդամների կողմից (երեխայի, ծնողի, զուգընկերոջ ծնողների, և այլն):

Աղբյուր: www.JBWs.org