• ԹԵԺ ԳԻԾ

    099 88 78 08

Մեր մասին

Մեր նպատակն է կանանց համար ստեղծել ապահով միջավայր, որտեղ նրանք կստանան աջակցություն և կարեկցանք, ինչպես նաև կհասկանան, որ միայնակ չեն իրենց տառապանքների մեջ: Կանանց տրամադրվում են ընտանեկան բռնության մասին պրակտիկ գիտելիքներ և նրանց ինքնագնահատականի ու ինքնավստահության բարձրացմանը նպաստող խորհրդատվություններ: Իրականում շատ բարդ է մի քանի ամսվա ընթացքում վերացնել կանանց մոտ տարիներով կուտակված վախերը: Երկար և տանջալից գործընթաց է` լի բազում խոչընդոտներով և դժվարություններով:
Կենտրոնը ձգտում է նաև փոխել ընտանեկան բռնության մասին առասպելները, կոտրել տաբուները, ինչպես նաև բարելավել կանանց դերը հասարակության մեջ: Մենք առաջնորդվում ենք առաջադեմ արժեքներով, որոնք նպաստում են կանանց քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների առաջխաղացմանը: Այսպիսով մենք ոչ միայն սոցիալական ծառայություններ ենք մատուցում, այլ նաև պայքարում ենք հասարակությունում առկա գենդերային անհավասարությունների, կարծրատիպերի, և պատրիարխալ արժեքների դեմ, որպեսզի կանայք ապրեն ապահով, խաղաղ և հավասար պայմաններում:
Կենտրոնը քաջ գիտակցում է, որ միայն աջակցություն տրամադրելով կանանց հնարավոր չէ արմատապես փոխել կանանց իրավունքների վերաբերյալ առկա կարծիքները: Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում աշխատող այլ հասարակական կազմակերպությունների հետ միասին մենք փորձում ենք երիտասարդ կանանց իրազեկել դրական արժեքների և առողջ ընտանիքների մասին, որոնք հիմնված չեն վերահսկողության և վախի վրա:
Այսպիսով փորձում ենք կանանց օգնել դառնալու համայնքի և հասարակության արժեքավոր և լիիրավ անդամներ: Այս տեսլականի իրականացման համար մենք հանդիսանում ենք «Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիայի» լիիրավ անդամ:

Մեր կենտրոնը ունի թեժ գիծ, տրամադրում է իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություններ, դասընթացներ է կազմակերպում տարբեր թեմաներով, նաև իրականացնում է հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված ակցիաներ: Այս ակցիաները հիմնականում կենտրոնացված են ընտանեկան բռնության թեմայի շուրջ, որպեսզի կանայք կարողանան ընտանեկան բռնությունը ճանաչել, նկատել ազդանշանները, ունակ լինեն անվտանգության ծրագիր ունենալ, նաև հզորանան ու պայքարեն ընտանեկան բռնության դեմ: Երբ կինը որոշում է հեռանալ բռնությունից, քանի որ իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում, ապա սա իսկապես նրա կյանքի ամենավտանգավոր փուլերից է: Այս խնդրին լուծում տալու նպատակով մենք բացեցինք ապաստարան ընտանեկան բռնության ենթարկված կանանց և իրենց երեխաների համար: Ապաստարանը, կամ ապահով տունը հնարավորություն է տալիս զոհերին վերականգնվել ապահով և անվտանգ միջավայրում:

ԱՄՆ-ում 1970-ականներին կանայք սկսեցին բարձրաձայնել բռնության խնդրի մասին: Մինչև այդ շատերը կարծում և հավատում էին, որ տղամարդիկ իրավունք ունեն կանանց ծեծելու: Այդ ժամանակներից մինչև օրս շատ փոփոխություններ են գրանցվել կանանց և երեխաների պաշտպանության բնագավառում, և ընտանեկան բռնությունը նվազել է 64%-ով: Մենք հավատում ենք, որ իրազեկման մակարդակի բարձրացմամբ և կանանց աջակցելով հնարավոր է Հայաստանում էլ ապահով միջավայր ստեղծել կանանց և երեխաների համար, որտեղ նրանք կապրեն և կմեծանան առանց բռնության և վախի: Սա հանրային առողջության և մարդու իրավունքների խնդիր է: